Բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների և գործառնությունների հիմնական մասն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Պատճառն այս ոլորտի առանձնահատկությունն է, առաջինը՝ գործարքների և գործառնությունների մակարդակում նոր ստեղծվող արժեքի մեծությունը որոշելը բարդ է, իսկ ԱԱՀ հարկով հարկման օբյեկտը հենց այս կամ այն գործառնությունների շրջանակում ձևավորվող նոր արժեքն է: ԱԱՀ-ից ազատելու մոտեցումը միջազգայնորեն լայն տարածում ունի և Հայաստանը բացառություն չէ. Մեր երկրում եւս բանկային ոլորտում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն ազատված է ԱԱՀ-ից: Որպեսզի որևէ ձևով փոխհատուցվի չվճարված այս հարկը, միջազգային պրակտիկայում տարբեր մոտեցումներ են կիրառվում: Երկրների մի մասը հատուկ բանկային ոլորտի համար սահմանում է հարկատեսակներ, մյուս մասը՝ պարզապես շահութահարկի ստանդարտ դրույքաչափը բանկային ոլորտի համար չի կիրառում, այլ ավելի բարձր շահութահարկի դրույքաչափ է կիրառում: Որոշ երկրներում կիրառվում է, այսպես կոչված, գերշահույթի հարկ: Բոլոր տարբերակներն ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Գործադիրը տևական ժամանակ քննարկել է բոլոր հնարավոր տարբերակները, նաև դրանց դրական ու բացասական կողմերը, ազդեցությունները: Նպատակն է եղել գտնել այնպիսի լուծում, որը բանկային ոլորտի ծառայությունների գների բարձրացման չհանգեցնի, մեր քաղաքացիների կամ գործարարների համար մատուցվող ծառայությունների գների վրա ճնշում չլինի և գնաճային ռիսկեր չգեներացվեն: Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումներ և փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Ընտրված մոդելով բանկերի կողմից իրենց բաժնետերերին, մասնակիցներին բաշխվող շահաբաժինները կհարկվեն ոչ թե ստանդարտ 5 տոկոս դրույքաչափով, ինչպես տնտեսության մյուս ոլորտների պարագայում է, այլ ավելի բարձր՝ 15 տոկոս դրույքաչափով: Խոսքը ե՛ւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, ե՛ւ կազմակերպություններին, այդ թվում՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, բաշխվող շահաբաժինների հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին է:
«Այսինքն՝ քանի դեռ շահույթը մնում է բանկում և վերածվում տարբեր բանկային պրոդուկտների, այդ թվում՝ վարկերի, միջնորդությունների, ապա Կառավարությունը հավակնություն չունի լրացուցիչ բեռ սահմանել բանկերի համար, բայց երբ այդ շահույթը դուրս է բերվում բանկային համակարգից, ապա այս փուլում Կառավարությունն առաջարկում է հարկը սահմանել ավելի բարձր դրույքաչափով»,- պարզաբանել է նախարարի տեղակալը: Նպատակն է նաև բանկերում ներդրումների կատարումը կամ բաժնետիրացումը դարձնել ավելի մասնակցային, որ փոքր բաժնետերերը շահագրգիռ լինեն և հնարավորություն ունենան բաժնեմասնակցություն ձեռք բերել բանկերում: Առաջարկվում է շահաբաժնից պահվող հարկը պահպանել նախկին մակարդակում, եթե բանկի բաժնետոմսերը ցուցակված կլինեն Կառավարության հաստատած ցանկում ներառված ֆոնդային բորսայում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատել է, որ օրենքի գործողության արդյունքում երեք հանգամանք կարող է տեղի ունենալ. կա՛մ բանկերն ավելի շատ հարկ են վճարելու շահաբաժնի տեսքով, կա՛մ մեզ մոտ խթանվելու է բաժնետիրացման գործընթացը, կա՛մ շահաբաժին չեն բաշխելու, և բանկերն այդ գումարն ուղղելու են իրենց կապիտալի ավելացմանը: «Ցանկացած պարագայում մենք ինչ-որ արդյունք ակնկալում ենք կամ բոլոր արդյունքները մաս-մաս»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահը:
«Այս կամ այն կերպ Ձեր նշած հնարավոր սցենարներից մեկը պետք է դրսևորվի, իսկ երեքի դեպքում էլ մենք արձանագրելու ենք հանրային օգուտներ»,- Բաբկեն Թունյանի նկատառմանն ի պատասխան՝ ընդգծել է ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: