ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծմամբ, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ին հրավիրված նիստում:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաև հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ ՀՀ հարկային օրենսգրքում 2021 թ. կատարված փոփոխություններով և ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 12-ի որոշմամբ ներդրվել է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը: Գործող կարգավորումներով՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամկետը 12 ամիս է:
Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար նախատեսվում է ներդնել խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև առաջարկվում է կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես առաջարկվում է oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ: Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող անձանց գործունեության նկատմամբ իրականացնելու է եռամսյակային մշտադիտարկում: Կառավարությունը կսահմանի հավաստագրի գործողության դադարեցման կարգն ու իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման դեպքերը:
Էդուարդ Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նախագծով առաջարկվող կարգավորումներին ու սահմանումներին:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: