Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, միաժամանակ Զելենսկին առանձին շնորհակալություն է հայտնել վերջինիս` իր ծառայության և նրա հրամանատարության ներքո ուկրաինական զինվորականների ձեռք բերած արդյունքների համար:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սիրսկին ապահովել է երկրի հաջողությունները Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական գործողության և Կուրսկի հարձակման գործում: «Զգալի առաջընթաց է գրանցվել, Ուկրաինայի պաշտպանությունը շարունակվում է: Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Սիրսկուն և մեր յուրաքանչյուր զինվորին՝ Ուկրաինայի առաջնագծի ամուր դիրքերի համար»,- ասել է Զելենսկին:
Նոր գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին: Զելենսկու խոսքով՝ այդ որոշումը ռազմական հրամանատարական համակարգի թարմացման մաս է կազմում: Դրապատիի, Եվգենի Խմարայի և Պավլո Պալիսայի հետ արդեն որոշվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ կադրային փոփոխությունների հիմնական նպատակն է ամրապնդել ուկրաինական բանակը և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ստիպել գնալ խաղաղության։