ԱՄՆ-ն զանգվածային հարված է հասցրել Իրանի տարածքին: Ըստ ամերիկյան կողմի՝ թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, նավատորմը, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, լոգիստիկ և այլ օբյեկտներ։ Կենտրոնական հրամանատարությունից նշել են, որ սա պատասխան է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներին։ Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել, զոհերի մասին տեղեկություններ չկան: Իրանական կողմն էլ հայտնել է Քուվեյթում ամերիկյան ենթակառուցվածքներին հարվածելու մասին: Լուրեր են շրջանառվում Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Իրաքյան Քրդստանում պայթյունների մասին: Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով ԱՄՆ զինված ուժերում զոհվածների թիվը հասել է 18-ի այն բանից հետո, երբ հայտնաբերվել է նախկինում անհայտ կորած համարվող սերժանտներից մեկի մարմինը։
Տարածաշրջանում լարվածության ֆոնին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Լիբանանի նախագահին: Խոսելով Իրանի մասին՝ նա հայտարարել է՝ Թեհրանը շատ է ցանկանում հանդիպել, սակայն Վաշինգտոնը դեռևս հետաքրքրված չէ դրանում, և կարծում է, որ իրանական կողմը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները մոտ ապագայում Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունի։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Լիբանանին, հայտարարել՝ այդ երկիրը տարիներով անարդար վերաբերմունքի է արժանացել: Նա խոստացել է, որ անպայման կօգնեն Լիբանանին հաղթահարելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հետ կապված: Թրամփը հավելել է՝ «Հըզբոլլահի» դեմ պայքարում կարող է օգտակար լինել Սիրիայի նախագահը, որը համապատասխան փորձ ունի: Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ վերականգնելու են Լիբանանի հետ ուղիղ թռիչքները:
Աունն էլ Վաշինգտոն այցի շրջանակում հայտարարել է՝ «Հըզբոլլահի» զինաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել իսրայելական ուժերի կողմից հանրապետության օկուպացիան, այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել Լիբանանի բանակին և կառավարության գլխավորությամբ վերակառուցման ծրագրեր իրականացնել: