Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։
Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մինչև հուլիսի 16-ը. առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։
Հայաստանի հրաձգության հավաքականի կազմում առաջնությանը մասնակցում են Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մանվել Միրզոյանը:
Թիմը մրցավայր է մեկնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի ու Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։