Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը և որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է: Այս մասին մայիսի 20-ին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ տեխնոլոգիական զարգացմանը և թվային ծառայությունների աճին զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ և ժամանակակից ուղիներով իրականացումը:
Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում:
Առաջարկվում է նաև սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման ու հաշվառումից հանման կարգը, կիրարկման կանոնները: Հստակեցվել են նաև գործունեության այն ոլորտները, դեպքերը և ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների սպասարկման վճարին:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: