ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո իրենց են դիմել Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները և առաջարկներ ներկայացրել: Դրանք քննարկվել են հանձնաժողովում, որից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արդյունքում այս փուլում համաձայնություն է ձեռք բերվել:
Առաջին ընթերցումից հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: 14 առաջարկ ներկայացրել է գործադիրը, առաջարկներ եղել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը: Հիմնական առաջարկները եղել են տեխնիկական:
Լիլյա Սիրականյանը խոսել է բովանդակային երեք առաջարկների մասին: Ըստ այդմ՝ ամրագրվել է տեղական ինքնակառավարման մարմնի և պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ ներդրողին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը: Նախագծից հանվել է ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը չկիրառելու դեպքերը և կարգը Կառավարության հայեցողությանը թողնելու հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ իրավական որոշակիության տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել: Լրացվել է դրույթ, որով ներդրողներին հնարավորություն է տրվում օգտվելու ոչ միայն օրենքում զետեղված իրավունքներից և դրանց պաշտպանությունից, այլ նաև որևէ այլ օրենքով և իրավական ակտով սահմանված պաշտպանության բոլոր մնացած գործիքներից:
Քննարկված երկրորդ հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո ներկայացված տեխնիկական 6 առաջարկներն ընդունվել են:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը:
Մի շարք խմբագրական փոփոխություններ են կատարվել՝ կապված տերմինների համարակալումների հետ: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մաքսային ստուգմամբ փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքին, երբ հարկ վճարողը կամ պատասխանատու անձը կհրաժարվի ստորագրել հանձնարարագրի ստացումը: Այդ դեպքում հանձնարարագրի վրա նշում կկատարվի հրաժարվելու վերաբերյալ: Մյուս փոփոխությամբ էլ նույն անձանց նկատմամբ նույն հաշվետու ժամանակաշրջանում ստուգում կարող է իրականացվել, եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում այդ վարույթի շրջանակում կամ դրանց արդյունքում ծագել է նախկինում չստուգված հանգամանքները ստուգելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե իրականացվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա: Մնացած այլ դեպքերում ուղղակի չի թույլատրվում նույն դեպքով լրացուցիչ ստուգում իրականացնել:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: