Իտալիայում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում ս. թ. հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացավ աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելիի, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնի և կառավարման խորհրդի անդամների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր և փորձ փոխանակվեցին տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։
Այնուհետև պատվիրակությանն ընդունեց Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
