Իսրայելական ուժերը հայտնել են Լիբանանի հարավում գտնվող Ալի Թահեր լեռնաշղթայի տակ «Հըզբոլլահի» թունելները ոչնչացնելու մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ՑԱՀԱԼ-ն ավարտել է Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը։
Ըստ իսրայելական կողմի՝ պայթեցված ենթակառուցվածքը «Հըզբոլլահի» Բադր բրիգադի «ուղեղային կենտրոնն» էր: Այն կառուցվել էր երկու տասնամյակ՝ Իրանի ֆինանսավորմամբ, և ռազմավարական նշանակություն ուներ լիբանանյան շարժման համար։ «Իսրայելի պաշտպանության բանակը կմնա անվտանգության գոտում, կշարունակի ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները և կխափանի «Հըզբոլլահի» կարողությունների վերականգնման փորձերը»,- նախազգուշացնում է հրեական պետությունը:
Նաև հայտնի է, որ Լիբանանի կառավարության և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն խաղաղության բանակցությունների ութերորդ փուլը։ Օրակարգում է լինելու հիմնականում Լիբանանի հարավի հարցը, որտեղ մի շարք շրջաններ գտնվում են Իսրայելի, որոշ մասն էլ՝ լիբանանյան կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Մանրամասները՝ տեսաշարում: