ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել վերապատրաստումներ, կարող են դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր, որն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դրական եզրակացություն ստանալու դեպքում կազմակերպությունը կարող է մեկնարկել վերապատրաստման գործընթացը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հավաստագրման ենթակա են այն կազմակերպությունների, Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) աշխատող մարզիչները, որոնք ընդգրկված են հավաստագրման գործունեության իրականացման ծանուցման ենթակա տեսակների աղյուսակում և ԿԳՄՍՆ կայքում հրապարակված ցանկում՝ https://tinyurl.com/395nd5hf):
Հիշեցնենք՝ վերապատրաստումը պարտադիր է համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների հավաստագրման համար: Վերապատրաստման ծրագիրը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժ օգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ։ Վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից, իսկ վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:
Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից։