Մայիսի 20-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների մամուլի ասուլիսը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցում տրված գնահատականների համար։
Նախարարը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ զեկույցում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական հանձնառությունը՝ ապահովել Գործողությունների ծրագրի իրականացումը։
ՆԳ նախարարը, մասնավորապես, նշել է՝
-վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ․ այն վստահության, գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է,
-վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ ճամփորդության, Հայաստանի իշխանությունների համար՝ երկրում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ ապահովելու հնարավորություն է,
-առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում,
-Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար․ սա պարզապես հերթական գործընթաց չէ, այլ կարևոր գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ,
-գործընկերների կողմից ներկայացված 53 առաջարկություններն արձանագրվել են զեկույցում, և Հայաստանը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու դրանց իրացումը,
-ՖՐՈՆՏԵՔՍ-ի հետ նախաստորագրված փաստաթղթերը կարևոր հիմք են սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում եվրոպական կողմի հետ համագործակցությունն առավել սերտացնելու համար,
-Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակմամբ ամրապնդվել է երկկողմ համագործակցությունը․ սա հնարավորություն կտա շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կարևոր կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ պետությունների միջև,
-Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրոպական Միությունը ակտիվ երկխոսություն է վարում․ հետևողականորեն և պատշաճ ժամկետներում կիրականացվեն Գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները,
-ԵՄ հետ մոտարկման ճանապարհին վիզաների ազատականացման գործընթացը ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կյանքի որակի վրա․ այն հնարավորություն է տալու Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է․
-Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ․ դրա վառ ապացույցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելն էր,
-Հայաստանի իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը. Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է այս ուղղությամբ,
-Եվրոպական հանձնաժողովն ու Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործընթացն իրապես լուրջ են վերաբերում և պատրաստակամ են ապահովել բարձր մակարդակի արդյունքներ,
-Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից․ կստեղծվի բնակչության միասնական ռեգիստր,
-ներկայումս ավելի շատ թվով վիզաներ են տրամադրվում Հայաստանի քաղաքացիներին և ավելի շատ բազմակի մուտքի վիզաներ,
-մեծ ջանքեր են ներդրվում, որպեսզի նվազեցվի վիզաների դիմումների մերժումների քանակը,
-վիզաների ազատականացումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև ամբողջական գործընթացի միայն մեկ էլեմենտն է․ վիզաների ազատականացման գործընթացը չպետք է դիտարկել որպես առանձին գործընթաց․ նախաձեռնություններ կան նաև կրթության, մշակույթի, ներդրումների և առևտրի ոլորտներում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պատասխանել են նաև լրատվամիջոցների հարցերին։