ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Էդգար Մկրտչյանը ողջունել է բարձրաստիճան հյուրերին և ընդգծել ԱԶԲ-ի հետ ավելի քան երկու տասնամյակ շարունակվող արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ԱԶԲ-ի՝ որպես «գիտելիքի բանկի» կողմից տրամադրվող մասնագիտական խորհրդատվության և ընթացիկ բարեփոխումներին տեխնիկական աջակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերը: Մի շարք կենսականորեն կարևոր նախաձեռնությունների շարքում անդրադարձ է կատարվել «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» 3-րդ ծրագրի մեկնարկին, որը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային բարեփոխումների խորացմանը, ինչպես նաև նոր կնքվելիք «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» մանրամասներին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և զարգացման ռազմավարական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: