Այս պահին ՀՀ-ն միակ պետությունն է աշխարհում, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում: Այդ մասին Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ուզում եմ նաև վստահեցնել, որ համատեղ աշխատանքի և փոխադարձ վստահության շնորհիվ է այն արձանագրումը, որ այսօր կա Գործողությունների ծրագիր, ունենք առաջընթացի առաջին զեկույցը և հետևողականորեն գնալու ենք առաջ՝ որակով և պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները»,- ասաց նախարարը:
Իր հերթին Յոհաննես Լուխները հայտարարեց, թե ՀՀ քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից՝ միաժամանակ նշելով, որ հասկանալի է ՀՀ քաղաքացիների անհամբերությունն առանց վիզային ռեժիմի ԵՄ երկրներ այցելելու ուղղությամբ:
«Մենք այժմ ՀՀ քաղաքացիներին ավելի շատ թվով վիզաներ ենք տրամադրում և ավելի շատ թվով բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում, և համատեղ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի վիզաների դիմումների մերժումների քանակը նվազեցնենք»,- ասաց նա:
Ըստ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի՝ վիզաների ազատականացման գործընթացը պետք չէ դիտարկել առանձին գործընթաց, կա նաև պատրաստակամություն՝ ավելի շատ առևտուր և ներդրումներ ապահովելու, մշակութային և կրթական փոխանակումներ անելու:
«Մենք դիտարկում ենք վիզաների ազատականացումը որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցման գործընթացի մի էլեմենտ»,- ասաց նա: