Անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանը մեր տարածաշրջանում լավագույն ցուցանիշներից մեկն ունի պրոցեսների թվայնացման, գործընթացներում պետական պաշտոնյաների նվազագույն դերակատարության և այլ հարցերում: Եթե 15 տարի առաջ այդ հարցը բարձրացնեիք, ուրիշ պատասխան կտայի: Հիմա ես ասում եմ, որ մենք մեր թափանցիկության, մեր անկաշառության և պրոցեսների վրա մինիմալ ազդեցություններով կարող ենք հպարտանալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե մեր կարողությունները բավարարո՞ւմ են, որպեսզի ցանկացած ապրանք կարողանանք ճիշտ սերտիֆիկացնել, որպեսզի տնտեսվարողը խնդիր չունենա:
Ըստ Բագրատյանի՝ տնտեսվարողների հետ քննարկումների արդյունքում պարզել է, որ եղել է դեպք, որ ապրանք է ներկրվել ՀՀ, որը, սակայն, ՀՀ-ում համարվել է ոչ ստանդարտ, բայց երբ տնտեսվարողները դիմել են Վրաստանի համապատասխան կառույցներին, այն ստանդարտից դուրս չի եղել:
Ըստ Գևորգ Պապոյանի՝ նաև լինում է, որ նման դեպքերում, երբ երրորդ կողմի են տալիս լաբորատոր հետազոտության, պարզվում է, որ Հայաստանի լաբորատորիայի տարբերակն էր իրականում ճիշտ:
Ինչ վերաբերում է կարողություններին, ապա այդ մասով, ըստ նախարարի, մեծ խնդիր կա:
«Մասնավոր լաբորատորիաներ կան, շարունակում են ծավալները մեծանալ, ու մենք ոգևորում ենք մասնավոր լաբորատորիաներին, որպեսզի շատանան և գործունեությունն ավելացնեն:
Ցավոք սրտի, երկար տարիներ սերտիֆիկացման, ստանդարտացման, որակի ենթակառուցվածքների որլորտը Հայաստանում բառիս բուն իմաստով անտերության է մատնված եղել: Ով ինչ ուզել է, արտադրել է: Այսինքն՝ այդ ոլորտը մեզ մոտ փաստացի չի էլ եղել, և միջազգային դոնորական ծրագրերով մի քանի սարքավորումներ են առել:
Միայն վերջին տարիներին է, որ Կառավարությունը հարյուրավոր միլիոն դրամների տարեկան սարքավորումներ է առնում, պետական լաբորատորիաներն ուժեղացնում է, որ հետևից գոնե մասնավորը հասցնի գալ, կամ այնտեղ, որտեղ մասնավորը դեռ ներդրում չի հասցրել անել, պետությունն անում է»,- ասաց նա: