Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման մասին» որոշում, որով կապահովվեն 2026 թ. հունվարի 30-ի ԵՏՀԽ փոփոխություններ կատարելու մասին» որոշման պահանջները։ Այն կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Համաձայն նշյալ որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվել է կիրառել սակագնային արտոնություն 0 % մաքսատուրքի դրույքաչափով մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ ներմուծման նկատմամբ։ Որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաստատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը։ Ըստ հիմնավորման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ համապատասխան ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ։ Վերոնշյալ հակագնագոյացման տուրքը գործելու է 5 տարի ժամկետով։
Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0 տոննա ծավալներով։ ՀՀ ներկրվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված`որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թ. ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրն ընդունել է որոշում «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է 20 հազար տոննա չափով եղեգնաշաքարի (0 % մաքսատուրքի դրույքաչափ) ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ ՀՀ ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։