ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ուղերձում խոստացել է, որ հակամարտությունը շուտով կավարտվի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակներին, և առաջիկա երկու-երեք շաբաթում շատ ծանր հարվածներ կհասցնի Իրանին: Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի: Այդուհանդերձ, Թրամփը ևս մեկ անգամ այդ նեղուցով նավթ ստացող երկրներին կոչ է արել պարզապես վերահսկողություն հաստատել ջրային երթուղու նկատմամբ և այն օգտագործել՝ հօգուտ իրենց շահերի: ԱՄՆ նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ խոստանալով ռմբակոծել այն և վերադարձնել Քարե դար:
Ամերիկացի ժողովրդին ուղերձ է հղել նաև Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երբեք թշնամանք չի տածել այլ ժողովուրդների նկատմամբ և իր ժամանակակից պատմության մեջ երբեք պատերազմ չի սանձազերծել: Փեզեշքիանը շեշտել է՝ Իրանը որպես սպառնալիք ներկայացնելը չի համապատասխանում ո՛չ պատմական իրողություններին և ո՛չ էլ դիտարկելի փաստերին. դա արվում է քաղաքական և տնտեսական նպատակներով:
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան առաջարկները, որոնք Իրանին փոխանցել են միջնորդները, պարունակում են չափազանց կոշտ և անտրամաբանական պահանջներ: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ իրանցիները դրան վերաբերվում են ծայրահեղ զգուշությամբ: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում:
Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում։