Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում իր ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, որով անցնում է երեք մեղադրյալ, մեկը կալանքի տակ է:
Անդրադառնալով միջադեպից հետո Պետական պահպանության ծառայության աշխատակցի գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք գնահատելն իր գործառույթը չէ:
«Երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել:
Այսինքն՝ Պետական պահպանության ծառայության աշխատողն այն բանի համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի: Ինքը բոլոր լիազորություններն ունի: Եթե իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրել: Դա ձեզ համար նորությո՞ւն է»,- նշեց նա:
«Եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է աշխատելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար,- ասաց նա և հավելեց.- Իմ աշխատանքը չէ գնահատելը, գնահատել, թե հարձակումը հարձակում է, հարձակում չէ, պետք է գործել, պետք է չգործել, պետք է կրակել, պետք է չկրակել, պետք է վնասազերծել, պետք է չվնասազերծել: Ամբողջ ծառայության իմաստը, նպատակը և բովանդակությունն իրադրությունը գնահատելը և ըստ իրադրության գործելն է»:
Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:
Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է: