Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։

Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ օրը կարևոր է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն այս ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից. «Մեզ համար առանձնակի կարևոր է, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխա ընդգրկված լինի կրթության մեջ, ունենա հավասար հնարավորություններ, սոցիալիզացիայի պայմաններ: Այս ուղղությամբ պետությունը բավական մեծ ջանքեր է գործադրում թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ոլորտներում: Մասնագիտացված կառույցները ևս շատ կարևոր են, և պետությունը ֆինանսավորում է դրանց գործունեության որոշակի հատվածը: Մասնագիտացված ծառայությունները օգնում են, որպեսզի երեխաները ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն, հաղթահարեն տարբեր ոլորտներում առկա դժվարությունները և ավելի պատրաստ լինեն հասարակությանն ինտեգրմանը»:

Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։
Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։
Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։
Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում: