Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:
«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:
Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ անձանց՝ նրանց իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:
Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը բոլորին հանդարտեցրել և հորդորել է մնալ տեղում:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական
հետապնդում է հարուցվել: Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է: