Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։
Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։
Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Արդյունքում՝ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։