Եվրոպական Միությունը և Ադրբեջանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ:
Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության՝ դա կարևոր ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում՝ շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար:
Նշվում է, որ երկաթուղին ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը նպատակ ունի կապելու Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ ապահովելով տարանցումը 15 օրում:
Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիները համատեղ ռազմավարական շահ են ներկայացնում՝ ապահովելով փոխադարձ օգուտներ և նվազեցնելով չափազանց մեծ կախվածության հետ կապված ռիսկերը։