Դեպի Իրան շատ արագ և հստակ նպատակով ամերիկյան հսկայական նավատորմ է շարժվում՝ Լինկոլն ավիակրի գլխավորությամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Այդ ուժերը պատրաստ են օպերատիվ կերպով իրականացնել իրենց առաքելությունը՝ նաև ուժ կիրառել՝ եթե պետք լինի: Հուսով եմ՝ Իրանը կհամաձայնի հավասարակշռված գործարքի, այն է՝ «ոչ մի միջուկային զենք»։ Ժամանակը սպառվում է», - Truth Social-ի էջում գրել է Դոնալդ Թրամփը: Նա նախազգուշացրել է՝ հաջորդ հարձակումը շատ ավելի ծանր կլինի, քան 12-օրյա պատերազմի ժամանակ:
Իրանում բռնկված հակակառավարական ցույցերի ֆոնին Սպիտակ տան ղեկավարը բազմիցս զգուշացրել էր, որ կարող է հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարեց Մերձավոր Արևելքում ամերիկյան նավատորմի տեղակայման մասին՝ հույս հայտնելով, որ այն կիրառելու կարիք չի լինի: Ավելի ուշ նա հայտնեց, որ դեպի Իրան է ուղարկվել արդեն երկրորդ նավատորմը: Հունվարի 27-ին Թրամփը տեղեկացրեց, որ Թեհրանը բանակցություններ է խնդրել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու հնարավոր գործարքը։ Իսրայելից ևս հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում հակահարված կտան Իրանին:
Թեհրանից էլ նախազգուշացնում են՝ հակամարտություն չեն ցանկանում, բայց պատրաստ են պատերազմի: Նաև Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ վերջին օրերին Թեհրանը բանակցություններ չի խնդրել Վաշինգտոնից։ Աբբաս Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ը չի կարող Իրանին բանակցություններ առաջարկել՝ միաժամանակ սպառնալիքներ հնչեցնելով։ Նրա խոսքով՝ Թեհրանը ձգտում է կանխել ԱՄՆ-ի հետ հետագա սրացումը և շարունակում է բանակցություններ վարել միջնորդ երկրների հետ։ Այս ֆոնին Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ, քննարկել տարածաշրջանային դեէսկալացիային ուղղված հետագա քայլերը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան