Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ այս փուլում Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ ուղղակի համաձայնագրի ստորագրում չի քննարկվում:
«Եթե մենք խոսում ենք կոնկրետ այս 20 կետանոց շրջանակի մասին, դա դեռևս երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն և Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Այս շրջանակը ներկայումս քննարկվում է, բանակցությունները շարունակվում են. դա գործընթաց է»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Կիևի եվրոպացի գործընկերները, որոնց ստորագրությունները համաձայնագրերում նախատեսված չեն, «ներկա են խաղաղության գործընթացում և անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերում», պարզաբանել է Սիբիհան՝ հավելելով, որ «առաջին անգամ մենք կոնկրետ խոսում ենք «անվտանգության երաշխիքներ» եզրույթի, այլ ոչ թե «հավաստիացումների» կամ նմանատիպ բանի մասին»: Նա նաև հաստատել է, որ Ուկրաինայի տարածքում ամերիկացի խաղաղապահներ չեն լինի՝ անկախ բանակցությունների արդյունքից:
Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ բանակցություններում մնում է չլուծված երկու «զգայուն հարց»՝ տարածքային հարցերը և Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը։ Դրանք լուծելու համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է անձամբ հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ` ընդգծել է Սիբիհան։