Կոպենհագենում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել, այդ թվում՝ Դանիայի օդային տարածքում արգելվել են բոլոր տեսակի անօդաչուների թռիչքները։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 1-ին, Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության երկրների ղեկավարները Կոպենհագենում քննարկել են ռուսական անօդաչուներից ԵՄ արևելյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և ԱԹՍ-ների դեմ, այսպես կոչված, պատ կառուցելու պլանները։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ռուսաստանին մեղադրել են կառույցի օդային տարածքը խախտելու համար, մասնավորապես՝ Լեհաստանում և Էստոնիայում։ Իտալիայի վարչապետը կոչ է արել, որ Եվրոպայի հարավային սահմանները նույնպես չանտեսվեն, իսկ Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է զսպման կարևորությունը՝ հեռահար հարվածներ հասցնելու կարողությունների միջոցով։
Կրեմլի խոսնակը քննադատել է անօդաչուների դեմ պատ կառուցելու քննարկումները։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ պատեր կառուցելը միշտ վատ է։
Բացի դրանից՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հարցը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելու համար: Եվրամիության ոչ բոլոր երկրներն են կողմ այս գաղափարին՝ հաշվի առնելով խնդրի իրավական կողմը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: