Մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրական ցենզի և ընտրակաշառքների հետ կապված ՔՊ-ի օրենսդրական նախաձեռնություններին:
«Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե՛ քաղաքացիական հասարակությունը և թե՛ քարոզարշավի ընթացքի ընթացքում մեր քաղաքացիներն այդ հարցն անընդհատ բարձրացրել են, և ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաև խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք: Այս է պատճառը, որ պարզապես այն, ինչ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում: Առաջարկ կար դեռ փետրվարին, մարտին, ապրիլին, նույնիսկ մայիսին, պահանջներ և այլն, բայց ես դեմ եմ եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ անելուն, և խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո այդ փոփոխությունները կարվեն»,- նշեց Փաշինյանը: