ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ նախատեսում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թեհրանը խնդրել է չգնալ այդ քայլին:
«Մենք պատրաստ էինք Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին. «Խնդրում ենք՝ մի արեք դա, եկեք խոսենք»», - ասել է Թրամփը՝ կրկնելով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա հավելել է՝ նախընտրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում մարդկանց սպանել: ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ հակամարտության նոր փուլի սկսվելուց 4-5 օր անց Միացյալ Նահանգներն ինքն է խնդրել բանակցություններ վարել և կարգավորել տարաձայնությունները: Պաշտոնյան հավելել է՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է կնքվի միայն Իրանի և Օմանի միջև. որևէ արտաքին միջամտություն ընդունելի չի լինի:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան