Քննարկում ենք մի հարց, որը, վստահ եմ, մեր հանրության կողմից ոչ միանշանակ է ընկալվում: Ես պատկերացնում եմ, որ մեր հայրենակիցներից ոմանք գտնում են, որ այս ժամանակահատվածում ընդդիմադիր խմբակցություններն արդյոք պե՞տք է ունենան մասնակցություն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանը:
«Մենք քննարկել ենք նշված հարցը, եկել ենք այն եզրահանգման, որ պե՛տք է ստանձնենք այդ պատասխանատվությունը»,- ասաց Վարդևանյանը՝ պարզաբանելով իր խոսքերը:
Նրա խոսքով՝ իր երազանքը չի եղել ԱԺ պատգամավոր կամ ԱԺ նախագահի տեղակալ դառնալը: Վարդևանյանը նկատեց՝ իրեն անկասկած կուղղեն հարցեր՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
«Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսանկյունից, չե՛մ ունեցել, ավելին՝ մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չե՛ն ունեցել: ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ պարզաբանելով, որ այդ պատասխանատվությունը ստանձնում են, որովհետև գտնում են՝ ԱԺ-ի՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու:
«Մենք ունենք անհանգստություն, մեղմ ասած: Մենք չենք տեսնում, որ ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր, որոնք խարխլվել են»,- նշեց Վարդևանյանը: