Խորհրդարանը քննարկում է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի խոսքով՝ օրենքի նախագծի նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում տարընթերցումները, ներդնել դեղերի որակի, անվտանգության և մատչելիության ապահովման և վերահսկողության իրականացման առավել հստակ գործիքակազմ և ապահովել ազգային կարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ պահանջների և կանոնակարգերի հետ:
Բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու նպատակով առաջարկվում է ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար, համաձայն ԵԱՏՄ կանոնների, գրանցում չի պահանջվում:
Դա հնարավորություն կտա թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի ներմուծումը: Այդ կարգավորումը վերաբերում է նաև ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերին:
Ներկրվող դեղեր գրանցանմուշի հետ անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված պայմաններում կթույլատրվի դրա վերապիտակավորումը ծածկաշերտի միջոցով: Առաջարկվում է հստակեցնել ներմուծումը մերժելու հիմքերը՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Առաջարկվում է նաև լրամշակել դեղերի արտադրության և բաշխման լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները:
Նախատեսվում է օրենքում սահմանել դեղագործական արտադրանքի պահպանում իրականացնող մաքսային պահեստների մեծածախ իրացման լիցենզիայի և պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի պարտադիր ստացումը: Այս լրացմամբ առաջարկվում է վերոհիշյալ կարգավորումը կիրառել նաև դեղերի ներմուծում, արտահանում և բաշխում իրականացնող այլ գերատեասչությունների ենթակայությամբ գործող դեղագործական արտադրանքի պահեստների համար:
Այս դրույթներն ուժի մեջ կմտնեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունն ու անխափան մատակարարումը: