Ազգային ժողովի նիստին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունը հայտնեց, որ տաքսի ծառայություններն անձրևի ժամանակ կարող են 4 անգամ բարձրացնել ծառայության գինը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ե՞րբ է կարգավորվելու հարցը:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանեց՝ ծառայության գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի:
«Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում. այն ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետը հասնելու համար, և կիլոմետրը: Ձեր ասած անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում, դրանից բացի՝ կա գործակից, որն առաջարկ-պահանջարկի հիման վրա է [ձևավորվում]: Առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք և սարքել ենք 2 անգամ, և երկու անգամից ավելի գործակցի պարագայում «Յանդեքս» ընկերությունն ընդհանրապես գումար չի աշխատում, այսինքն՝ եթե նույնիսկ գինը բարձրացավ, ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին»,- ասաց նա: