Ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ: Սակայն, կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով, առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը: Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան և երիտասարդական հավաքականներում տարկետում ստացող մարզիկների թիվը 30-ական է եղել, իսկ ազգային հավաքականի դեպքում 2025 և 2026 թվականներին եղել է 8-10 մարզիկ:
Հետևաբար, գործող կարգով հավաքականներին պատանեկան, երիտասարդական և մեծահասակների բաժանումը և ըստ դրանց համապատասխան թվով մարզիկների տարկետում տրամադրելը չի նպաստում ի սկզբանե կարգով սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ հաշի չի առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները: Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրվում է մինչև երկու տարի ժամկետով, սակայն երիտասարդական հավաքականի անդամ են հանդիսանում մինչև 21 տարեկանը լրանալը և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ:
Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունների հաշվառումով, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում: