Հունիսի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին Դարպաս բնակավայրի վարչական ղեկավարից հաղորդում է ստացվել, որ ապամոնտաժման միջոցով գողացել են բնակավայրի ոռոգման ջրի համար նախատեսված պանելները՝ պատճառելով 240 հազար դրամի վնաս։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Լեռնապատ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ գողոնը իր տրակտորով տեղափոխել է Լեռնապատ գյուղի վարչական տարածք՝ շինարարության մեջ օգտագործելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։
Հունիսի 17-ին պետական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ Մովսես գյուղի 74-ամյա երկու բնակիչ հողաշերտի տակից քանդելու միջոցով ապամոնտաժել և գողացել են այգիների ոռոգման համար նախատեսված ջրագծից 15 մետր մետաղյա խողովակաշար, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափՈխել իրենցից մեկի առանձնատան տարածք։
Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին։