44-օրյա պատերազմի ժամանակ նորակոչիկների գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք տվեց 2 կապիտան: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի Խուռհատ սարի վրա մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստանալու պատրվակով լքել է մարտի դաշտը՝ իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը: Ըստ մեղադրանքի՝ հրամանատարի այդ գործողությունների հետևանքով նորակոչիկների մի մասը զոհվել է, մի մասը՝ գերեվարվել, որոշների գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Վկա Արթուր Դանիելյանը պատերազմի ժամանակ դասակի հրամանատար է եղել: Պատմեց՝ պատերազմի ժամանակ վիրավորվել է, առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է խոսում:
Արթուր Դանիելյան (վկա) - Հրետակոծության ժամանակ կամբատը վիրավորվել է, մահացել ճանապարհին, ինչքան ես գիտեմ, մեկ էլ Վահանյան Իշխանն է վիրավորված եղել ազդրի հատվածից:
Առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը, որը, ըստ վկաների ցուցմունքի, սեպտեմբերի 29-ին արկի պայթյունից զոհվել է, իսկ Վահանյանը, որը նրա կողքին է եղել, բեկորային վիրավորում է ստացել: Վկայի ցուցմունքը հենց այս դրվագին էր վերաբերում: Կապիտանն ասաց՝ հոկտեմբերի 2-ին Նյուզգյար կոչվող տեղամասում հրետակոծություն է եղել, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ են եղել, վիրավորվել է նաև ինքը: Նրանց այդ տարածքից դուրս բերելու պարտականությունը դրված է եղել Վահանյանի վրա, որը շտապօգնության մեքենայով գնացել է այդ տեղամաս, բայց ոչ Դանիելյանին է տեղափոխել, ոչ էլ մյուս վիրավորներին:
Դրանից հետո վկան որևէ միջոց չի ձեռնարկել` պարզելու, թե օգնության եկած շտապօգնության մեքենայի անձնակազմը ինչու է իրեն և մյուս վիրավորներին թողել ու հեռացել:
Արթուր Դանիելյան - Ոչ մեկի այդ հարցը չեմ տվել, վերևն Աստված կա:
Անդրադառնալով Խուռհատ սարի վրա տեղի ունեցած գործողություններին` Դանիելյանն ասաց՝ մանրամասներ չգիտի, բայց հավելեց՝ որևէ մեկից չի լսել, որ Վահանյանը երկրորդ վիրավորումն է ստացել: Վկան նաև պատմեց, որ պատերազմից հետո գնացել է նրա տուն՝ տեսակցելու:
Արթուր Դանիելյան - Ասավ` սաղ ոտքերս ասկոլկա ա:
Մինչդեռ, ըստ դատաբժշկական փորձաքննության, Վահանյանի մարմնի վրա հայտնաբերվել է մեկ վնասվածք: Կողմերի համար զարմանալի էր, որ վկան այդպես էլ Վահանյանից չէր հետաքրքվել, թե ինչու էր իրեն թողել վիրավոր և հեռացել:
Ջոն Հայրապետյան (դատավոր) - Վերջիվերջո, դուք` վիրավորված մարտի դաշտում, բժշկական մեքենան գալիս է, դուք հստակ գիտեք, որ այսինչ անձն է էդ մեքենայի հրամանատարը, պատերազմից հետո էդ հարցը ողջամտորեն չի՞ առաջացել, ասես՝ ընկեր ջան, ինչու չմոտեցար, չեք ուզեցել իմանաք:
Արթուր Դանիելյան - Ես էդ հարցը չեմ տվել:
Մյուս վկան Լևոն Բաբայանն էր, պատերազմի ժամանակ՝ Ջրականի գնդի հակատանկային մարտկոցի հրամանատարը: Ասաց՝ ինքն իր անձնակազմով Խուռհատ սարի վրա է եղել հոկտեմբերի 9-ին՝ աջ թևում, իսկ ուսումնական գումարտակը՝ ձախում:
Լևոն Բաբայան (վկա) - Ամսի 10-ից ժամը 12:30-ի անտառի միջով բոյ ա գնացել արդեն: Ուսումնական գումարտակի անձնակազմը կռվի մեջ է մտել, հետո վիրավորներ են ունեցել, վիրավորներին անտառից իջացրել են ներքև, հետո որոշ ժամանակ անց անձնակազմը իջել է բարձունքից դեպի ճանապարհ:
Վկայի խոսքով՝ իր ղեկավարած հաշվարկն էլ է միացել նահանջողներին: Ի՞նչ պատճառով է անձնակազմը սարից նահանջել՝ մեղադրողի այս հարցին վկան պատասխանեց՝ հակառակորդը առաջանում էր:
Նշեց՝ հակառակորդին տեսել են նաև վերևից, հետո հեռախոսակապով իրենց ասել են՝ Հադրութ չմտնեք: Դատախազի հարցին՝ Վահանյանին ասացի՞ք, որ Հադրութը գրավել են, վկան բացասական պատասխան տվեց:
Լևոն Բաբայան - Վահանյանին ես տեսել եմ, որ արդեն անձնակազմն իջնում էր անտառից, որ վազելով իջնում էին ներքև, Վահանյանը վերևից գալիս էր, մի հատ «ԿամԱԶ» էր մնացել, Վահանյանը գոռում էր՝ վիրավոր կա, ասում էր՝ կանգնեցրե՛ք, վիրավոր կա, մենք էդ «ԿամԱԶ»-ը կանգնեցրել ենք, ես գնացել եմ ներքև` անձնակազմի մոտ, հետո տեսել եմ, որ Վահանյանը «ԿամԱԶ»-ի կողքը նստած դուրս է եկել:
Ըստ գործի նյութերի՝ անձնակազմի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ գնացել է դեպի Հադրութ` չիմանալով, որ այն գրավված է: Դատախազի հարցին՝ Մուրադյանին տեղեկացրե՞լ եք որ Հադրութ չգնան, վկան ասաց՝ նրան չի տեսել, եթե տեսներ՝ կզգուշացներ:
Գևորգ Ավետիսյան (հանրային մեղադրող) - Դուք` որպես վերադաս հրամանատար, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, օրինակ՝ նահանջը պատշաճ ձևով կազմակերպելու համար: Դուք սկզբում գնում եք, բա ձեր հետևից եկող մյուս անձնակազմի ճակատագրի մասին ո՞վ պետք է հոգ տաներ:
Լևոն Բաբայան - Ասել ենք, որ իրար հետևից գան:
Դատախազը ճշտեց՝ արդյոք այդպե՞ս էր պետք կազմակերպել նահանջը:
Գևորգ Ավետիսյան - Ձեր վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք թույլտվություն ստացել նահանջելու:
Լևոն Բաբայան - Ոչ մեկից:
Վկան այդպես էլ չհստակեցրեց` ինչպես են կազմակերպել նահանջը, արդյոք բոլոր սպաներով առջևից չե՞ն եղել` հետևում թողնելով զինվորներին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան