• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը... 10:46
Հանրապետություն կուսակցության խոստումները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Անի Խաչատրյանի հետ Հանրապետություն կուսակցության խոստումները |... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:3613 Սեպ, 2022

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի նախագահություն,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Սիրելի հայրենակիցներ,

Լրատվությունից գիտեք արդեն, որ կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ՝ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմից, Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Եվ ես այսօրվա իմ ելույթում կփորձեմ նաև ոչ միայն մի շարք փաստեր արձանագրել, այլև ներկայացնել հարցի կոնտեքստը, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Այս պահի դրությամբ, Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում:

Պիտի արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար, և նաև հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը և ինքնիշխանությունը: Եվ քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի և կունենա ինքնիշխանություն, Հայաստանի Հանրապետությունը, հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար: 

Ըստ էության, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում է իրավիճակը, գնահատում է կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի:

Ուզում եմ ասել, որ, ըստ էության, այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, և Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, խորհրդակցություն, քննարկում, որը մինչև լուսաբաց է շարունակվել: Մասնակցել են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, և այդ քննարկման, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել՝ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և այդ դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա, և որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի:

Ես գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտպանության նախարարն է զրույց ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ, և մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք:

Այսօր, կարծում եմ, անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն, և այս համատեքստում կարևոր եմ համարում և այստեղ չեմ զուտ միայն փաստեր հրապարակելու համար, որովհետև այդ փաստերն այսպես թե այնպես լրատվամիջոցների միջոցով հասանելի կլինի կամ կլիներ կամ արդեն իսկ մի մասը հասանելի է հանրությանը: Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը՝ ինչու է այս ամենը տեղի ունենում:

Նախ արձանագրենք, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Վերջին օրերին դուք, կարծում եմ, հետևել եք, որ ադրբեջանական կողմն անընդհատ, այսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր Հայաստանի Զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ: Եվ, հետևաբար, ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ է տեղի ունենում:

Նախ, առաջինը, իհարկե, կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Դուք բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություն և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Իհարկե, այս ընթացքում թվում էր սկզբում, թե կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա:

Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կար մի քանի կետ. դրանցից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հղումն այդ սկզբունքներին և հայտարարություններին: Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին: Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ:

Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, որովհետև մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ, ինչպես ընդգծեցի, Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ և ընդունելի է: Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետև լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում: Իսկ, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Այսինքն՝ օրինակ, Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի՞ է ունենում նաև այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում կամ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյոք Ադրբեջանը նկատի ունի՞ նաև Հայաստանի Հանրապետության այս տարածքները: Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում:

Հաջորդ խնդիրը հետևյալն է. բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց՝ քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից, այսինքն՝ իրենց դիրքորոշման ձևակերպումից։

Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է, որ, ենթադրենք, այս երկու խնդիրների լուծումից հետո Հայաստանը և Ադրբեջանը, եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կամ, մասնավորապես, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու։ Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ և բնորոշմամբ «ապօրինի ձևով», խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ իր ձևակերպմամբ՝ իբր, «ապօրինի ձևով» Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ, և այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, խոսում են այդ տարածքների մասին։ Չնայած՝ մեծ հաշվով պետք է արձանագրենք նաև, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ արդեն ասացի, որ նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և, հետևաբար, Հայաստանի Հանրապետության հետ քննարկելու անհրաժեշտություն չկա: Եվ այդ հարցը իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, նաև չի բացառվում, իրենց ձևակերպմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։

Կրկին եմ ասում. ես ոչ թե ուզում եմ ասել, որ այս գործողությունները կոնկրետ ուղղված են այս կամ այն հարցի իմ հիշատակած լուծմանը, այլ ուզում եմ ասել, որ այս իրադարձությունները, լարումն ընդհանրապես ունի համատեքստ, և համատեքստը բաղկացած է որոշակի բովանդակությունից, և ես հարկ եմ համարում ձեզ և մեր ժողովրդին ներկայացնել այդ բովանդակությունը։

Հաջորդը կոմունիկացիաների բացման թեման է, և գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Միջանցք ասելով հարցի կոնտեքստը պարզ է, և չեմ կարծում, թե անհրաժեշտ է պարզաբանել։

Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը. Հայաստանի Հանրապետության տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը՝ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եթե հիշում եք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է. 9-րդ կետը, ըստ էության, առաջին նախադասությունը նաև ապաշրջափակման մասին է, այսինքն՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների, կապերի ապաշրջափակման, բացման, վերաբացման մասին։ Գիտեք նաև, որ թեման պարզաբանված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ, և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար։ Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ մեզ համար ընդունելի է այն տրամաբանությունը, որը քննարկվել է, արձանագրվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ և նաև եռակողմ աշխատանքային խմբում։ Գիտեք նաև, որ եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը՝ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանում հրապարակային հայտարարություն է արել, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն են, որ նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։

Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենամ նշել, որպեսզի տեղի ունեցողի կոնտեքստը մեզ ավելի հասկանալի լինի. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի Զինված ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Չնայած այն բանին, որ մենք հայտարարել ենք, և դա արձանագրված է նաև մեր պաշտոնական փաստաթղթերում, մենք Զինված ուժերի բարեփոխումներ ձեռնարկում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար։ Այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք Զինված ուժերի և բանակի բարեփոխումների թեմայի վրա, ահա այդ ժամանակներում նման սադրանքներն իրականացվում են նաև պրոցեսն արդեն հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար, և սա կարևոր նրբություններից և առանձնահատկություններից է։

Հաջորդ կարևոր նյուանսը, որի մասին կցանկանայի խոսել, այն մասին է, որ, այնուամենայնիվ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչքան էլ այդ մասին ամենատարբեր հայտարարություններ են հնչել, նույնիսկ Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի արդյունքում, այո, մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմի արդյունքում չի կոտրվել, եթե թույլ կտաք նման ձևակերպում այս ամբիոնից անել։ Ավելին, այն ժամանակ հայտնի, այսպես ասած, մթնոլորտի և սոցիալ-հոգեբանական միջավայրի պայմաններում, ըստ էության, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական միջավայրում և Հայաստանում որոշակիորեն, այսպես ասած, շատ նեգատիվ լույսի ներքո ներկայացվեց, և այնպես չէր, որ մենք երջանիկ էինք կամ երջանիկ ենք այդ հայտարարությամբ։ Ես այդ թեմային չէի անդրադարձել երկար ժամանակ, բայց վերջերս կարևոր համարեցի ընդգծել, որ այդ հայտարարության մեջ կա 3+1 կարևոր ինստիստուցիոնալ արձանագրում։

Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ Լեռնային Ղարաբաղ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը և տրամաբանությունն այդ շփման գծի, հետևաբար՝ տարածքի, հետևաբար՝ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որը ապահովում է երթևեկությունը, այսինքն՝ մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը, հաղորդակցությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

Ուզում եմ ձեզ այսպիսի նրբություն ասել: Դուք տեղյակ եք, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային ժողովի պատգամավորներ այցելել էին Լեռնային Ղարաբաղ, որին եղավ արձագանք հերթական անգամ Ադրբեջանի կողմից։ Մենք նախկինում դա արձանագրել ենք և հիմա էլ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, մարդկանց և բեռների երթևեկությունն ապահովելն է։ Եվ Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումներն ընդհանրապես տրամաբանական չեն, որովհետև, մեր մեջ ասած, այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ Լեռնային Ղարաբաղ, և ովքեր չեն կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։

Նախկինում էլ մեր միջազգային մի շարք գործընկերներ այս մասին բարձրաձայնել են և խոսել են: Սա ինչի՞ համար եմ ուզում ասել, որ վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից և՛ հանել, և՛, եթե կարելի է այսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն է երևում:

Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր, իմ կարծիքով և իմ գնահատմամբ, հանգամանքը, որը շարունակում է այս մասում իմ ասածը, հետևյալն է, որ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ, ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ: Այս համատեքստում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության ինդեքսը, որում Հայաստանի Հանրապետությունն զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում: Եվ այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու որոշակի հնարավորություններ են:

Կա մի հարց, որը ենթադրում եմ՝ կհնչի, և ես եմ ուզում անդրադառնալ այդ հարցին: Հարցը հետևյալի մասին է. արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և արդյոք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակագի ձախողում չէ՞: Մենք բազմիցս ենք ասել, որ որդեգրելով խաղաղության օրակարգը՝ մենք նաև արձանագրում և հասկանում ենք, որ դա միայն մեկ սուբյեկտից կախված չէ: Եվ, ընդհակառակը, այս գործողություններով նաև Ադրբեջանն ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով: Խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Ես վերջերս Վլադիվոստոկում ունեցած մի ելույթում, անդրադառնալով ընդհանրապես խաղաղության թեմային, արձանագրեցի, և այդ արձանագրման մեջ ոչ մի չափազանցություն չկար, որովհետև մենք հետևել ենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես ասում են, որ իրենք խաղաղություն են ուզում: Մենք էլ ենք ասում, որ մենք խաղաղություն ենք ուզում: Հիմա կարող է հարց ծագել՝ ո՞վ է, որ այստեղ այնքան էլ անկեղծ չէ, և ո՞վ է, որ, ըստ էության, այդ հայտարարություններով չի արտահայտում իր իրական ցանկությունները և մղումները: Պիտի վերահաստատեմ. հասկանում եմ նաև, որ ասածս որոշակիորեն տարօրինակ կարող է թվալ, որ բոլորը, ըստ էության, ուզում են խաղաղություն: Խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով յուրաքանչյուր սուբյեկտ կամ սուբյեկտների խմբեր հասկանում են պայմանների կոնկրետ, որոշակի խումբ, խաղաղություն ասելով հասկանում են խաղաղության և նրա պայմանների իրենց պատկերացումը: Եվ խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ այդ պայմանները և պատկերացումները կա՛մ չեն համընկնում, կա՛մ հնարավոր չի լինում դրանք մոտեցնել գրեթե կամ համարյա համընկնման վիճակի և կարգավիճակի:

Սա է ընթացիկ իրավիճակը: Ի՞նչ պետք է անենք մենք հետագայում: Ըստ էության, պիտի գնանք այս ճանապարհով՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, մեր Զինված ուժերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Եվ, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային մեր հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում, որովհետև շատ կարևոր է, ինչպես նախկինում ասել եմ, հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք:

Այսքանը, հարգելի գործընկերներ:

Կրկին եմ ասում՝ ինձ համար այս ամբիոնից ելույթ ունենալու առավել հրատապ և համապատասխան հատվածներից էր ոչ միայն արձանագրված փաստերը ներկայացնելը, այլև այդ փաստերի համատեքստը ներկայացնելը: Ըստ էության, ես ասացի այս թեմայով ամեն ինչ՝ նաև հաշվի առնելով, որ որոշակի հասկանալի պատճառներով տեղեկատվական վակուում կա ընթացող պրոցեսների, գործընթացների, բանակցությունների բովանդակության, դրանց նրբությունների վերաբերյալ:

Շատ կարևոր է, որ հատկապես այս փուլում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Ազգային ժողովը տեղյակ լինեն կատարվող նրբությունների մասին: Իհարկե, պիտի մեկ նրբություն արձանագրեմ. այնպես չէ, որ այն, ինչ ասացի, Ազգային ժողովի մեր գործընկերները լսում են առաջին անգամ: Մենք բազմիցս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել, երբեմն՝ բուռն քննարկումներ: Մենք մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ դռնփակ ձևաչափով, քննարկել և պատասխանել բարձրացված բոլոր հարցերին: Ես նկատի ունեմ՝ սա թերևս առաջին անգամն է, որ պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից հնչում են մի շարք նրբություններ, չնայած, մեծ հաշվով, դրանցում գաղտնիքներ չկան, որովհետև ուշադիր դիտորդը և վերլուծողն այս բոլոր նրբությունները կարող էր տեսնել և նկատել, բայց այսպես համակցված և պաշտոնապես առաջին անգամ ես հնչեցրի, որպեսզի իրավիճակը, դրա նրբությունները և խորությունն առավել պարզ դառնան:

Այժմ պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին, որովհետև կարծում եմ, որ ասվածը ոչ միայն պատասխանեց հարցերի, այլև առաջացրեց հարցեր:

Շնորհակալ եմ»,- ասված է ելույթում:

Դիտումների քանակ339
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին 15:1726 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման հարցեր 15:0826 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղարի օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում 15:0026 Մայ, 2026
  • Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն 14:5426 Մայ, 2026
  • Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո 14:3326 Մայ, 2026
  • Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար 14:1626 Մայ, 2026
  • Կարա՞ս ինձ մի 50 պան տաս. կաշառք քվեի դիմաց՝ «Ուժեղ Հայաստան»-ից 14:0526 Մայ, 2026
  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն 13:3326 Մայ, 2026
  • Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու 13:2826 Մայ, 2026
  • ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը 13:2026 Մայ, 2026
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:1726 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:0526 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | «Շատ են, է, 30 000 է մարդը», «Խնդիր չունես տու, պեր». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0026 Մայ, 2026
  • Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք 12:5926 Մայ, 2026
  • ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա 12:5826 Մայ, 2026
  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ 12:5426 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով 12:4026 Մայ, 2026
  • Անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. Պուտին 12:3826 Մայ, 2026
  • Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում. Թրամփ 12:3426 Մայ, 2026
  • Երևանում փակ փողոցներ կլինեն 12:2726 Մայ, 2026
  • Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների 12:2426 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 12:2126 Մայ, 2026
  • Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան 12:2126 Մայ, 2026
  • Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ 12:1826 Մայ, 2026
  • 5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից 12:0226 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:5526 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի 11:4626 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 11:3526 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:1526 Մայ, 2026
  • ՊՆ զգուշացում. կհնչի թնդանոթի 3 կրակոց, քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կկատարի թռիչք 10:5126 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ձայնագրություն է հրապարակվել 10:4926 Մայ, 2026
  • Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ 10:4626 Մայ, 2026
  • Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր 10:2026 Մայ, 2026
  • Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում 10:1626 Մայ, 2026
  • Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել 10:0526 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրեմլը ՀՀ-ում աջակցում է մի քանի քաղաքական ուժի. փաստաթղթային հերթական արտահոսքը 10:0026 Մայ, 2026
  • Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:4226 Մայ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրվարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է 09:0926 Մայ, 2026
  • Դոլարի փոխարժեք, վարկեր, ֆինանսական կայունություն 09:0026 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:4026 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1826 Մայ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 334 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0326 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում. Թրամփ 01:1526 Մայ, 2026
  • ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքում փոփոխություններ է առաջարկում 01:0726 Մայ, 2026
  • Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը 01:0226 Մայ, 2026
  • Պորտադրում էին նախընտրած կուսակցությանը. «Բոլորին դեմ եմ»-ը՝ Գյումրիում 00:4226 Մայ, 2026
  • Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը մշակութային արժեքների պաշտպանության հարցում 00:1626 Մայ, 2026
  • ԱԺԲ-ն ընտրապայքարին մասնակցում է «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով 23:5625 Մայ, 2026
  • Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:3825 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ին առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում․ Իոաննիսյան 23:3525 Մայ, 2026
  • ՀԱԿ նախընտրական ծրագիրը փորձագետներն ու գիտնականներն են մշակել 23:1125 Մայ, 2026
  • Խաղաղության բանաձևն՝ ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի 22:5225 Մայ, 2026
  • «Երգիչներ ենք ման գալիս՝ միտինգների վերջում ժողովրդին ուրախացնեն, փախել են». Սամվել Կարապետյան 22:2925 Մայ, 2026
  • «Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿ 22:1625 Մայ, 2026
  • Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 22:0525 Մայ, 2026
  • Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները փորձում տապալել Փաշինյանին. փաստաթղթային արտահոսք 21:5825 Մայ, 2026
  • «Խոսում է Երևանը»՝ արդեն մեկ դար 21:4825 Մայ, 2026
  • Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է 21:3325 Մայ, 2026
  • Բարկացած էմոջիների գրոհ՝ նախարարի ու պատգամավորների էջերի վրա. Պապիկյանն ակնարկում է՝ ով է հեղինակը 21:2425 Մայ, 2026
  • Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը կկազմակերպվեն հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան 21:0925 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսք․ Կրեմլի՝ ՀՀ ընտրություններին միջամտելու պլանների մասին բացահայտումներ 21:0025 Մայ, 2026
  • Մայիսի 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4225 Մայ, 2026
  • Հայկական բրենդին ճանաչելի ու մրցունակ դարձնելու ճանապարհին 20:3025 Մայ, 2026
  • Ռուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ 20:2325 Մայ, 2026
  • Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է 20:1625 Մայ, 2026
  • Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից 20:1625 Մայ, 2026
  • Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների 20:0925 Մայ, 2026
  • Մանկական մաշկաբանության ներկան ու ապագան 20:0225 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:5625 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 25. 2026 19:4225 Մայ, 2026
  • «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը 19:2725 Մայ, 2026
  • «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում 19:0925 Մայ, 2026
  • Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը 18:5725 Մայ, 2026
  • Էյֆելյան աշտարակի աստիճանի մի հատված աճուրդում վաճառվել է ավելի քան 450,000 եվրոյով. «Այլ լուրեր» 18:4825 Մայ, 2026
  • Քաղցկեղի համալիր բուժում՝ առողջության ապահովագրությամբ 18:3925 Մայ, 2026
  • Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը 18:2625 Մայ, 2026
  • Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. գույքի վրա արգելանք է դրվել 18:1925 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը 18:1125 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկողներ են հավաքագրում ՌԴ-ից. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 18:0125 Մայ, 2026
  • Գազի գինը ՀՀ համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա. Պեսկով 17:5125 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության վերաբերյալ նոր փաստաթղթեր են բացահայտվել. ինչպես կվարվի ԿԸՀ-ն 17:4325 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը 17:3425 Մայ, 2026
  • Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9% 17:2125 Մայ, 2026
  • Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար 17:0925 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնին 17:0025 Մայ, 2026
  • Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով 16:5825 Մայ, 2026
  • Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ 16:4725 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 16:2525 Մայ, 2026
  • Վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է. ՆԳ նախարար 16:1725 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 16:1525 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 16:0325 Մայ, 2026
  • Կրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակով 15:4425 Մայ, 2026
  • Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ 15:4025 Մայ, 2026
  • «Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:3225 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% 15:2325 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015