120 օրվա գերությունից վերադարձած Արայիկ Գալստյանը Ալավերդիում իր համար կառուցված առանձնատան նորամուտն է նշում: Նախկինում այսքան մարդկանց հյուրընկալել չէր կարող՝ խարխուլ երկաթյա տնակում էր ապրում: Նրան տնով ապահովելու նախաձեռնությունը կառավարող ուժի ներկայացուցիչ Արեն Մկրտչյանին է. նա 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մշտապես կապի մեջ է եղել Արայիկի միայնակ մոր հետ:
Արեն Մկրտչյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Միայնակ՝ թոռնուհու հետ, ապրում էր մետաղական տնակում, ամեն անգամ դեմքն ու դիմագծերը կարծես այլ լինեին, փոքր երազանք կար: Արայիկը վերադարձել է, ու տնակը քանդել են և տուն կառուցել Արայիկի համար:
Երազանքն իրականացավ Գերմանիայում բնակվող մեր հայրենակցի՝ գործարար Սերժ Անգելյանի միջոցներով, որին դիմել էր Արեն Մկրտչյանը: Նա ու Անգելյանը ոչ միայն Արայիկի, այլև պատերազմի ընթացքում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի համար ամբողջությամբ նոր տուն կառուցեցին: Բարերարը չի համաձայնել տղաների համար հին տներ վերանորոգելու գաղափարին՝ շեշտելով, որ նրանք պատերազմում վտանգել են իրենց ամենաթանկը՝ կյանքը: Կարենը Հադրութում 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:
Սերժ Անգելյան (Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար, գործարար) - Ուզում էինք այնպես սարքել, որ որևէ կոմպրոմիս չլիներ, ինչպես տղայիս համար պիտի սարքեի, պիտի սարքեմ Կարենիս համար:
Կարենը տնակում չէր ապրում, բայց սեփական տանիք չուներ՝ բարեկամի տանն էր ապրում: Իսկ այսօր պատերազմը հաղթահարած երկու տղաներն էլ գրեթե նույն երազանքն ունեն՝ բարեկարգել բակն ու ամուսնանալ: Ընտրյալ դեռ չկա, բայց մեծ ընտանիք ունենալու ակնկալիք կա:
Տղաների տունն իրենց հայրենի բնակավայրում է՝ Ալավերդիում: Արեն Մկրտչյանը վստահեցնում է՝ սա ամենաքիչն է, որը կարելի է անել տղաների համար:
Արեն Մկրտչյան - Էս տղաների ընտանիքները պետք է անընդհատ ուշադրություն զգան, անընդհատ՝ հասարակ այցերից մինչև ավելի մեծ գործեր:
Տները կառուցվել են 7-8 ամսում: Կահավորելուն պես Արայիկն ու Կարենը կտեղափոխվեն իրենց առանձնատներ:
Հեղինակ` Անի Օհանյան