Քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում իրավահարաբերությունները կանոնակարգելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում: Ըստ այդմ՝ դուրս կգա զենքի ձեռքբերման համար «Որսորդմիությանը» անդամագրվելու պարտադիր պահանջը, փոխարենը պարտադիր կլինի քննությունը` «վարորդական իրավունքի նման»: Քննական գործընթացը կանցկացնեն ոստիկանության կողմից լիցենզավորված կազմակերպությունները:
Վիլեն Գաբրելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պարապմունքների կարգն առաջիկայում պետք է իրենց հետ համագործակցելով նաև մշակենք, բայց մինիմալ իրավական հիմքերը դրա համար դրված են:
Օրենքով նախատեսվում է չեղարկել փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցնել զենքի տեսակները, սահմանել հրաձգարանների չափանիշները, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանել 10 տարի՝ նախկին 5-ի փոխարեն:
Զենքի ձեռքբերման մեխանիզմները խստացվո՞ւմ են, թե՞ ազատականացվում: Նախագծի համահեղինակն այս պարագայում կողմ է «կարգավորում» եզրույթի կիրառմանը:
Վիլեն Գաբրիելյան - Ամենակարևոր դրույթներից մեկն այն է, որ 18 տարեկանի փոխարեն 21 տարեկանը լրացած քաղաքացին է դառնում զենքի թույլտվություն ձեռք բերող, և այն, որ զենքի թույլտվություն ստանալուց առաջ քննական կարգ է սահմանվում:
Գաբրիելյանը պատասխանում է նաև մտահոգություններին, թե բոլորը կարող են զենք ունենալ, ինչի հետևանքով կավելանա սպանությունների թիվը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի պնդմամբ՝ ամբողջ աշխարհում օրինական հրազենով կատարված հանցագործությունների թիվը չափազանց փոքր է:
Վիլեն Գաբրիելյան - Օրինական զենքով հրազենի օգտագործմամբ հանցագործություններ մենք ունենում ենք՝ տարեկան 2-8 անգամ (վերջին 5 տարիների ընթացքում տատանվում են), բայց վիճակագրությամբ դա կազմում է անօրինական զենքից կատարված հանցագործությունների 0,001 տոկոսը:
Հանցագործությունների աճ չի ակնկալում նաև «Ազատազեն» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի նախագահը: Իշխան Գևորգյանի խոսքով` տարիքային շեմի բարձրացումն ու քննության ավելացումը նոր մշակույթ կձևավորի:
Բացի դրանից՝ որպես դրական փոփոխություն՝ առանձնացնում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջի չեղարկումը:
Իշխան Գևորգյան («Ազատազեն» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի նախագահ) - Այն ժամանակ հարթափողի և ակոսափողի տարբերություն կար. այսինքն` հարթափողով էիր որսի գնում, փորձ էիր հավաքում, միայն հետո ակոսափող էին տալիս: Բայց այն ժամանակվա հարթափողը պապենական, երկու փողով հրացան էր, իսկ հիմա կան հարթափողներ, որ կես կիլոմետր խփում են:
Քաղաքացիների՝ տրավմատիկ զենքի ձեռքբերմանը, նույնիսկ քննություն հանձնելու պարագայում, դեմ է Գևորգյանը: Պնդում է՝ ի տարբերություն այլ զինատեսակների, այս զենքը չափով փոքր է, և կբարդանա վերահսկելու գործընթացը՝ արդյոք հանրային վայրերում կրո՞ւմ են այն, թե՞ ոչ:
Իշխան Գևորգյան - Դա ռետինե գնդիկներ կրակող զենքն է, ինքնապաշտպանական զենք է: Ես չեմ կարծում, որ Հայաստանում ինքնապաշտպանվելու խիստ խնդիր կա, մեզ մոտ ավելի շատ մարզվելու թևն է կարևորվում:
2017-21 թթ. Հայաստանում օրինական զենքով հանցագործության 22 դեպք է եղել, տարեկան միջինը 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարված հանցագործության՝ 296 դեպք, տարեկան միջինը՝ 59 դեպք: Զենքի տիրապետման համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ը, Շվեյցարիան և Ֆինլանդիան. 100 հոգու հաշվարկով 45-88 միավոր հրազեն: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտավորապես 6,5-7 է:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան