Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան 97-ամյակը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»։
Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան, մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի Մեծ թատրոնի և այլ նվագախմբերի հետ՝ թողարկելով նաև բազմաթիվ սկավառակներ: Մաեստրոն հեղինակել է «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները:
Նշանավորելով և կարևորելով Չեքիջյանի անգնահատելի ներդրումն ու վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային հաստատությունների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումն ու միջավայրի բարելավումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 10,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի նորոգման և գրասենյակային նոր գույքի ձեռքբերման համար:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական ներշնչումներ»,- նշված է հաղորդագրությունում։