Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի, վիրավորներինը՝ 2980-ի, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Որոնողական-փրկարարական աշխատանքը շարունակվում է, փրկարարները փորձում են գտնել որքան հնարավոր է շատ ողջ մնացածների, զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։
Շաբաթվա սկզբին 7.2, 7.5 և 4.5 մագնիտուդով հզոր ցնցումներից հետո 16 երկրից մոտ 1000 փրկարար է ժամանել Վենեսուելա՝ հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակ Ենս Լյորկեն։
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն իր արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդից 15 միլիոն դոլար է հատկացրել Վենեսուելային օգնելու համար։
Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ փրկարարական խմբեր և այլ արտակարգ օգնություն է ուղարկում Վենեսուելա։ ԵՄ ութ երկիր՝ Չեխիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պորտուգալիան և Նիդերլանդները, օգնություն է ուղարկել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով: Վերջին տեղեկությունների համաձայն՝ փրկարարական գործողությունների շրջանակներում ԵՄ այս երկրներից մոբիլիզացվել է ավելի քան 520 մասնագետ: Իտալիան բժշկական խումբ է ուղարկել, իսկ Լյուքսեմբուրգն առաքման համար հավաքում է հեռահաղորդակցության, բնակարանային և էներգետիկ սարքավորումներ։
Բրյուսելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ օգնություն տրամադրել Վենեսուելային՝ տեղում կարիքների փոփոխությանը զուգընթաց։