ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը, երբ նավերից մեկը հաղորդել է հարձակման մասին՝ հայտնում է Reuters-ը:
Թայվանի Evergreen Marine ընկերությունը ուրբաթ հայտարարել է, որ Օմանի մոտակայքում «անհայտ օբյեկտով» հարվածել են իր նավերից մեկին, որը շարժվում էր Բրիտանական ռազմածովային գործակալության առաջարկած երթուղով։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ նավը խոցվել է, քանի որ նրա երթուղին չէր հաստատվել Իրանի կողմից: Ըստ Reuters-ի՝ միջադեպը մտահոգություններ է առաջացրել, թե արդյոք կպահպանվի՞ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնագիրը:
ԱՄՆ կառավարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը չպահպանի պատերազմը դադարեցնելուն և նեղուցի վերաբացմանն ուղղված պայմանավորվածությունները, Միացյալ Նահանգները, հավանաբար, կվերսկսի ռազմական գործողությունները։
ՄԻաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար:
Կառույցն անընդունելի և խիստ վտանգավոր է որակել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին՝ ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ համակարգման:
Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված և պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։
Մանրամասները՝ տեսաշարում: