ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Անքորիջում կայացած գագաթնաժողովում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում այս պատերազմի երկարաժամկետ դադարեցմանը հասնելու համար, որը շատ արյունալի է. ամսական մինչև 20000 զինվոր է սպանվում. շաբաթական՝ 5000-ը, մեծ մասամբ՝ ռուսներ։ Այնպես որ, դա կործանարար է Եվրոպայի, բայց հատկապես Ուկրաինայի և առավել շատ Ռուսաստանի համար։ Ռուսաստանը ցանկանում է, որ Դոնեցկի մարզն ամբողջությամբ հանձնվի իրենց, ի թիվս այլ հարցերի, որոնց նրանք անդրադարձել են»,- ասել է Ռուբիոն։
Վերջին շրջանում Ռուսաստանի կառավարության պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են մեղադրում ամերիկյան կողմին՝ Անքորիջի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործելու համար։ Այդ մասին խոսել են, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: