«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ Թալին 34 կմ ծրագրի շրջանակում ոչ միայն կառուցվել է ռազմավարական նշանակության ճանապարհի հյուսիսային հատվածն ամբողջացնող 34 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այլև տեղի բնակիչների համար՝ դեպի իրենց հողամասեր, որոշ համայնքների դեպքում նաև դեպի իրենց տներ նոր ճանապարհներ։ Արագընթաց նոր ճանապարհին հարակից բնակավայրերի որոշ հողամասեր տանող դաշտային մոտեցնող ճանապարհների մի մասի կառուցումը նախատեսված էր նախագծով, մի մասն էլ, սակայն, մանրամասն վերլուծության և տեխնիկական հետազոտությունների արդյունքում է ներառվել ծրագրի շրջանակում։
Կառուցված դաշտամիջյան ճանապարհները, որոնք տանում են դեպի հողամասեր, գրունտային են։ Հատկանշական է, որ, օրինակ, Կոշ համայնքի մի հատվածի դաշտային ճանապարհները, որոնք կառուցվել են ապահովելու բնակիչների մուտքը դեպի իրենց տներ, նաև ասֆալտապատվել են ծրագրի շրջանակներում՝ վերածվելով կարևոր դեր ունեցող համայնքային ճանապարհների՝ համապատասխան կահավորմամբ և ջրահեռացման համակարգով։
Հիմնադրամից նշում են, որ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կառուցվել է մոտ 20 կմ դաշտամիջյան ճանապարհ։
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, այն ֆինանսավորել են ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը։