Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ 26-րդ հերթական ժողով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Նախքան բուն օրակարգին անցնելը ելույթ է ունեցել ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Մարկո Ֆերրին։ Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն ձևավորել են ամուր և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն, որը շարունակում է զարգանալ և տալ շոշափելի արդյունքներ։
Այնուհետև ՈՒԵՖԱ-ի Հեթտրիկ ծրագրի պատասխանատու Դենիս Բաստարին ողջույնի խոսք է հղել տեսաուղերձով։ Նա բարձր է գնահատել անցնող տարում ՀՖՖ-ի կատարած աշխատանքը և վերահաստատել ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը։
Հաջորդիվ ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը ներկայացրել է ՀՖՖ գործունեության (2024 դեկտեմբեր - 2025 դեկտեմբեր) հաշվետվությունը, իսկ ՀՖՖ ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2024) ֆինանսական հաշվետվությունը: Երկուսն էլ հաստատվել են ՀՖՖ հերթական 26-րդ ժողովի պատվիրակների կողմից:
«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրել է անկախ աուդիտորական եզրակացությունը և համախմբված հաշվետվությունը։ ՀՖՖ Ժողովը հաստատել է այն: Այնուհետև ՀՖՖ Ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը ներկայացրել է ՀՖՖ 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեն: ՀՖՖ Ժողովի պատվիրակները քվեարկել են բյուջեի հաստատման օգտին։
Հաջորդիվ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ներկայացրել է ՀՖՖ 2019-2026թթ. ռազմավարության զեկույցը։
Օրակարգի վերջում կատարվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի և ՀՖՖ ընտրական կոմիտեի փոխնախագահի ընտրությունը: ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամ է դարձել Աննա Օհանյանը («Նոա ՖԱ» ՀԿ), իսկ ՀՖՖ ընտրական կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Վարդան Կոստանյանը։