ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Պապոյանը հանդիպել է ԵԱՀ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։
Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։
Հանդիպման ավարտին նախարար Պապոյանը հրավիրել է Ալաա Ֆարուկին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։