ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Նոր-ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
1. արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել՝

պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,

պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։
2. Սննդամթերքի արտադրամասերի՝

հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

արտադրական շինությունների անհարթ դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: