ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանել՝ երրորդը վերջին երկու շաբաթվա ընթացքում: Կալանվել է նավթամթերք տեղափոխող «Բելլա 1» խոշոր լցանավը, որը 2024 թվականին ամերիկյան պատժամիջոցների ցանկում է: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այն «ստվերային նավատորմի մաս է» և զբաղվում է նավթի ապօրինի վաճառքով:
Վենեսուելայի կառավարությունը դատապարտել էր լցանավի կալանումը՝ դա անվանելով միջազգային ծովահենություն:
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Պեկինը: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մեկ այլ երկրի նավերի կամայական զավթումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և Պեկինը դեմ է բոլոր միակողմանի և անօրինական պատժամիջոցներին։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է՝ Վենեսուելան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել մյուս երկրների հետ: