ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան ալ Խատիբի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։
Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրել Հասան ալ Խատիբին մասնակցելու 2026 թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։