Գիտությունների ազգային ակադեմիայից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) տարեվերջյան հաշվետու գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են ԵԳԱԾ հանձնաժողովի անդամներ, վերջին երկու տարիների ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված մրցույթների շահառուներ, ինստիտուտների գիտաշխատողներ։
Գիտաժողովի ընթացքում ԵԳԱԾ հանձնաժողովը ներկայացրեց 2025 թվականին իրականացրած աշխատանքները, այդ թվում՝ հայտարարած մրցույթները, դրանց շրջանակում ընդունած հայտերի քանակը և գնահատման արդյունքները․
-
Գիտության հանրայնացման մրցույթ
-
Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում մրցույթ
-
Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ
-
Արտերկրի գիտնականների կարճատև այցելություններ ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններ մրցույթ
-
Գիտահետազոտական աշխատանքի իրականացման օժանդակ ռեսուրսների ձեռքբերման մրցույթ
Հաշվետու զեկուցումներով հանդես են եկել այն գիտաշխատողները, ովքեր 2025 թվականի ընթացքում մասնագիտական վերապատրաստում են անցել արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում։ Նրանք ներկայացրին, թե ինչ դասընթացների են մասնակցել և ինչ կիրառական փորձ են ձեռք բերել։
ԵԳԱԾ հանձնաժողովի ներկայացուցիչները զեկուցողներին ուղղել են մի շարք հարցեր՝ ռիսկերի գնահատման և ստացած գիտելիքների կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Շահառուներն օրինակներով ներկայացվել են ձեռք բերված փորձի կիրառման արդյունավետությունը տեղական գիտական ինստիտուտներում իրականացվող իրենց աշխատանքներում։ Այն արտահայտվում է նաև արտերկրի և տեղական լաբորատորիաների միջև ձևավորված համագործակցությամբ և համատեղ հետազոտությունների իրականացմամբ։ Ստացված արդյունքները հոդվածի տեսքով տպագրվում են համահեղինակությամբ։
Հաշվետու գիտաժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2026 թվականի համար նախատեսվող ծրագրերը։