Հայկական դրամն այսօր դարձավ 28 տարեկան: 1993 թվականի նոյեմբերի 22-ից Հայաստանի տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 և 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը և ներդրվեց ազգային արժույթը` 10, 25, 50, 100, 200, 500 դրամանոցներ:
Դրամի վրա առաջին ստորագրողներն էին այդ ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանն ու Ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը։ Տասը դրամանոցի վրա առկա էր Ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Ջանոյանի ստորագրությունը:
Զարուհի Բարսեղյան, ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար - Դրամ բառն առաջացել է դրախմա բառից, դա հունական փողի անվանումն էր, և 2000 տարի առաջ Տիգրան Մեծը, երբ որ փող հատեց, փողի անունը դրեց դրախմա: Հետո այդ դրախմա բառը հայեցվեց և արդեն Կիլիկյան Հայաստանում մենք սկսեցինք օգտագործել արծաթյա դրամներ, որոնք կոչվում էին դրամ:
Դրամի մուտքից շուրջ 2 ամիս անց Կենտրոնական բանկի նախագահ ընտրված Բագրատ Ասատրյանն ընդգծում է՝ սեփական արժույթն ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր:
Բագրատ Ասատրյան, 1994-1998 թթ. ՀՀ ԿԲ նախագահ - ԽՍՀՄ վերջին բաստիոնը՝ այն է սովետական ռուբլին կործանվեց, ըստ էության, ավարտեց գոյություն ունենալ և, այո՛, մենք ստացանք մեր ազգային արժույթը՝ դրամը, որը տարիների ընթացքում, հետագա տարիներին ցույց տվեց իրեն այնպես, ինչպես ցույց տվեց՝ լիարժեք փող է, որն աշխարհով մեկ ֆինանսական ինստիտուտների մասով ճանաչված է:
Ազգային արժույթ ստեղծելու համար Կենտրոնական բանկի, Կառավարության և Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հանձնաժողով էր ստեղծվել:
Զարուհի Բարսեղյան - Հենց դրամ անվանվան որոշման ժամանակ շատ հետաքրքիր բանավեճ է եղել: Հանձնաժողովի հիմնական մասը՝ բացառությամբ մեկ հոգու, կողմ է եղել դրամ անվանվանը և մեկ հոգի դեմ է եղել սյդ անվանմանը, դա Տիգրան Սարգսյանն էր, որն ասել է՝ կարելի է ցանկացած անուն դնել, բայց դրամը խառնաշփով կարող է առաջացնել տերմինաբանության առումով, որովհետև մենք ունենք տերմիններ՝ դրամական զանգված, դրամական բազա:
1993 թվականից մինչև օրս թողարկվել է դրամի 3 սերիա, առաջինը և վերջինը տպագրվել է՝ Գերմանիայում, իսկ երկրորդ սերիան տպագրվել է՝ Նիդերլանդներում, Ավստրիայում և դարձյալ Գերմանիայում: ԿԲ նախկին նախագահը հետաքրքիր պատմություն է հիշում դրամի շրջանառության սկզբնական շրջանից:
Բագրատ Ասատրյան - Դրամի կայացման մասով էր, հաջորդ տարվա ընթացքում էր զանգահարեցի Տեր-Պետրոսյանին և ասացի՝ լուրեր ունեմ տարբեր՝ լավ ու վատ: Ասում եմ՝ վատն այն է, որ դրամը կեղծել են, լավը, որ դրամը կեղծել են: Բա ինչո՞ւ, ասում եմ՝ ոնց, այսինքն փող են ճանաչում իբրև և կեղծում են:
Մանրամասնելով դեպքը՝ Ասատրյանը նշեց, որ այն տեղի էր ունեցել Վրաստանի հետ սահմանային առևտրի ժամանակ, որը շատ կարճ ժամանակահատված դրամով էր իրականացվում:
Բագրատ Ասատրյան - Առաջին կեղծվածը ես տեսել եմ, մի հայ գործիչ 10 դրամանոց թղթի վրա 0 էր ավելացրել, այնպես սիրուն նկարել էր՝ 100 դրամի տեղ, իսկ 100 դրամը պատկառելի փող էր, առաջին ամիսը՝ 5-6 դոլար: Այն ժամանակ համար դա մեծ փող էր:
Ի դեպ, նոյեմբերի 22-ը Հայաստանում նշում են նաև որպես բանկային համակարգի աշխատողի օր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան