Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի օգնությամբ հեռացնում է ծովային բոլոր ականները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կստանա Իրանի հարստացված ուրանը և դրա դիմաց որևէ գումար չի վճարի:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԱՄՆ-ը հարստացված ուրանի դիմաց կապասառեցնի 20 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ: Իրանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, որ Թեհրանը դեմ է երկրից հարստացված ուրանի դուրսբերմանը:
Թրամփը նաև հայտնել է, որ արգելել է Իսրայելին ռմբակոծել Լիբանանը: ԱՄՆ-ը առանձին կաշխատի Լիբանանի հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ: Բացի դրանից՝ ըստ Թրամփի՝ Իրանը համաձայնել է այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը: Միևնույն ժամանակ նա նշել է՝ իրանական նավահանգիստների լիակատար շրջափակումը կշարունակվի, մինչև պատերազմի ավարտի շուրջ գործարք չկնքվի:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ապրիլի 13-ին մեկնարկած շրջափակման ընթացքում ԱՄՆ զինված ուժերը 21 նավի ստիպել են հետ շրջվել և վերադառնալ Իրան: Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը բաց չի մնա, եթե ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվի:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ ԱՄՆ նախագահը մեկ ժամում յոթ պնդում է արել, որոնք բոլորը կեղծ են:
«Նրանք չհաղթեցին պատերազմը և այս ստերով բանակցություններում նույնպես ոչ մի տեղ չեն հասնի»,- նշել է պաշտոնյան:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ եթե մինչև ապրիլի 22-ը Իրանի հետ երկարաժամկետ համաձայնություն ձեռք չբերվի, հրադադարը կարող է ավարտվել, և ռմբակոծությունները կվերսկսվեն:
Միևնույն ժամանակ, Իսլամաբադում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ, որը կարող է անցկացվել առաջիկա երկու օրերին:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան