Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրում։
Կարգավորումն ունի խթանող և զարգացման բնույթ և ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանը։ Ըստ հիմնավորման՝ ծրագրով նախատեսված էր Հայաստանում կառուցել 18 խեցգետնաբուծարան, սակայն ծրագրի հաստատումից հետո մի շարք տնտեսավարողներ հետաքրքրություն են ցուցաբերել ոլորտի նկատմամբ, որոնցից 6-ը հայտ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրից օգտվելու նպատակով։ Որոշմամբ նախատեսվում է ծրագիրը շարունակել մինչև 2029 թ․ դեկտեմբերի 30-ը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև վերջնաժամկետները և սահմանել նոր՝ իրատեսական ժամկետ, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ավարտել նախապատրաստական գործընթացները և ներկայացնել ամբողջական փաթեթներ։ Այդ իսկ պատճառով նախագծում փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ նախատեսվում է սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու հետո մինչև 2028 թ․ դեկտեմբերի 1-ը։ Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։
Առաջարկվում է ապահովել մինչև 18 ժամանակակից խեցգետնաբուծական համալիրների (10 փոքր, 5 միջին և 3 խոշոր) ստեղծում, տնտեսավարողներին տրամադրել ներդրումների մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրմանը՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։
Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։