Այսօր գործընկերոջս՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Ինժեներական քաղաքում ընդունել ենք NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ինչպես նաև արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակությանը` ընկերության ղեկավար Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ողջունելով հյուրերին՝ ներկայացրել եմ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու ընթացիկ ծրագրերը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ Խոսելով ոլորտի առաջնահերթությունների մասին՝ նշել եմ, որ ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI) Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է։ Այս դինամիկ զարգացող ոլորտում անհրաժեշտ է արագ համախմբել ռեսուրսներն ակտիվ միջազգային համագործակցության միջոցով՝ ապահովելով ոլորտի կայուն զարգացումն ու մրցունակությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հնարավորությունները ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում՝ որպես ռազմավարական ուղղություններ։
Անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ նպատակ ունենալով բացահայտել զարգացման նոր ուղիներ և խթանել միջազգային համագործակցությունը։ Այցի շրջանակում մեր հյուրերը շրջայց են կատարել Ինժեներական քաղաքում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, լաբորատոր հնարավորություններին և տեխնոլոգիական միջավայրին»,-նշել է նա։